Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, և օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը»

«Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, և օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը»
07.04.2009 | 00:00

ԱՊՐԻԼԻ 7. ԱՎԵՏՈՒՄՆ
Ապրիլի յոթը մեր Մայր առաքելական եկեղեցում Ավետման տոնն է, այն օրը, երբ Գաբրիել հրեշտակը Ավետիս տվեց սրբուհի Մարիամ Կույսին: Մեջբերենք. «...Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր, մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից: Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր: Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «ՈՒրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»: Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց և մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը: Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եւ ահա՛ դու կը յղիանաս և կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես: Նա մեծ կը լինի և Բարձրեալի որդի կը կոչուի: Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, և նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»: Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, և Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է և Աստծու որդի կը կոչուի»: (Ղուկասի Ավետարան):
Մեր հայրերը գրեթե ամենքն էլ մեծ ակնածությամբ ու պատկառանքով են արտահայտվել Տիրամոր մասին, անվանելով նրան` Աթո՛ռ փրկության, Աղբյո՛ւր անսպառ լույսի, Անապական կույս և Անապական տաճար, Առաքելություն կատարյալ, և հարյուրավորներ են այն սքանչելի բնորոշումները, որ տրվել են Տիրամորը: Հայտնի է, որ ողջ հավատացյալ մարդկության համար Տիրամայրն ամենամեծ սուրբն է, և մեծ սրբերն իրենց հերթին նրա բարեխոսություններով են առավել արժանավորվել Քրիստոս Տիրոջը մոտենալ և առավել պատվական դառնալ` Տիրամոր օգնության միջնորդությամբ գտնելով թե՛ մխիթարություն և թե՛ հույս ու պայծառացում:
Հայերիս համար, Տիրամոր առաջնորդական հոգածու սերն առանձնահատուկ է, որովհետև հայերս Տիրամորն ենք պարտական մեր ազգային ընդհանուր դարձի համար էլ, քանի որ մեր ազգային ընդհանուր դարձը եղավ Հռիփսիմյան կույսերի Հայաստան գալու և նրանց այստեղ նահատակվելու շնորհիվ: Իսկ Հռիփսիմյան կույսերին Տիրամայրն էր, որ տեսիլքի մեջ երևալով պատվիրեց, ասաց` կգնաք Հայաստան: Եվ երախտապարտ հայ ժողովուրդը բազմաթիվ սքանչելի երգեր ձոնեց սրբուհի Տիրամորը.
***
Խընկի ծառին նման ես,
Պըտուղ դու քաղցրահա՛մ ես,
Զբարի պըտուղ բերեա՛լ ես,
Աստուածածին, մա՛յր լուսոյ....

***
Ծաղկեցաւ ծառն կենաց

Եւ աննման էր.
Լուսեղէն պտուղ եբեր
Եւ աննման էր.
Ճղերն ամէն արքայական
Եւ աննման էր...

***
Քեզ հավատամ, խոստովանիմ,
Անմահական սուրբ Տիրամեր,
Քու տաճարին երկրպագիմ,
Շատ պատվական սուրբ Տիրամեր։
Սրանք մի քանի հատվածներ են այդ սքանչելի և հոգեզմայլ երգերից: Գրեթե անհնար է ժողովրդի մեջ առանց արցունքի լսել այդ գերհրաշ երգերը, մանավանդ երբ անկեղծ սրտով են կատարվում:
Տիրամայրը հայ քրիստոնյայի նեղության ժամին առաջին օգնության հասնողն է ու մխիթարողը, ժողովրդական լեզվով ասած` «մեր հոգևոր շտապ օգնությունն է», մեր աղոթքի հեռախոսազանգն ընդունողը, ասես սպասելիս լիներ և անպատասխան չթողնողը: Նա առաջինն է մեր աղոթքներին պատասխանում, մխիթարագործ հոգածություններ գործադրելով մեր շուրջը, մի բան, որի մասին բազմաթիվ վկայություններ կան թե՛ հայ և թե՛ միջազգային իրականության մեջ: Հայ քրիստոնյաներիս համար Տիրամայրը հայոց մխիթարության Մայրն է ու սրբության սկիզբ վստահարանը, սրբություն, որ ակնածության մղելով խոնարհեցնում է մանուկներիս Տիրոջ և Հայր Աստծո առջև: Այս ամենը լավագույնս գիտեր Գրիգոր Նարեկացին և Տիրամորը նվիրած ադամանդակուռ առանձին ներբողից բացի, իր Ողբերգության Մատյանում, որ համամարդկային աղոթքի գլուխգործոց է, մեր խիստ նեղությունների ժամին Տիրամոր ապավինությանը դիմելու առանձին բաժին ունի:
Մեկ հատված մեջբերենք այդ սքանչելի, կենդանարար աղոթքից, որ պատշաճ զգացինք մեր հերթին ինքներս էլ թարգմանել.
«Եվ ահա այսքան հուսահատություններից, ահարկու խռովքներից, աստվածային բարկության զարհուրելի սաստկությունից հետո, թախծագին հոգով իսպառ տագնապած, աղաչում եմ քեզ, Սու՛րբ Աստվածածին, հրեշտա՛կ մարդկային, քերովբե՛ մարմնատեսիլ, թագուհի՛ երկնավոր, ջի՛նջ, ինչպես օդը, մաքո՛ւր, ինչպես լույս, անե՜ղծ, հա՜ր նման վերն արուսյակին, գերազա՛նց, քան վայրն այն սրբությունների, ուր անարժան է մարդուն ոտք կոխել, երանավե՛տ վայր սուրբ խոստումների, եդե՛մ շնչավոր, կյանքի անմա՛հ ծառ, որ պաշտպանված է բոցեղեն սրով, հովանավորված Բարձրյալ Հորից, Նրանո՛վ՝ զորու, Սուրբ Հոգու` Քո մեջ իջած հանգչումով հավե՜տ հարդարված, և սրբագործված և շնորհազարդ սուրբ բնակությամբ Միածին Որդու: Միածինը՝ Հոր, Քե՛զ է Անդրանիկ, ծննդյամբ՝ Որդիդ, բայց և Տե՛րն է Քո՝ ստեղծագործությամբ Սկզբից եղած: Անախտ մաքրությանդ հետ՝ Դու անբիծ բարի, անարատ սրբությանդ հետ՝ մեզ խնամակալ և բարեխոսող»։
Տոնական այս օրվա խոսքը շարունակենք Մեսրոպ Վարդապետի (Մաշտոցի) շարականից մեկ իմաստուն հատվածով, որ մենք թարգմանեցինք.
«Բերկրացող սուրբ կույս, լե՛ր ինձ օգնական, զի իմ նավակով լողում եմ ահա այնպիսի ծովում, ում ալիքներն ահեղ են ու մեծ, չլինի հանկարծ նավարկությունս դառնա անօգուտ:
Ողորմի՛ր ինձ, սրբուհի, որովհետև որ՝ քո մեջ բարեհաճեց բնակվել արարիչն արարածների, և քեզնով գտավ ցեղը մարդկային՝ ողորմության կամք, և քեզանով էր, որ նորոգվեցին ստեղծվածները բնությամբ իրենց:
Անխախտելի աշտանակ, անհանգչելի լույս, լուսավորիր հոգին իմ, նաև մարմինն իմ ադամյան անկյալ, և Որդիովդ պայծառացրու, որ բարեգութ է, երբ մեղավորներս զղջմամբ ենք խնդրում:
Բարեգութ ծնող, լսելի արա Որդուդ ականջին իմ՝ քո ծառայի պաղատանքները և ինձ համար էլ աղերսիր նրան, զի ամենայն ինչ, որ դու կամենաս, կարող ես, և քեզ Աստծուց երբևէ մերժում չի լինում: Քո միջոցով էր, որ երկնի Աստվածը մեզ Հայր անվանվեց, և Աստված Որդին երկրում երևաց, շրջեց մարդկանց մեջ, ճանաչեցրեց Սուրբ Հոգուն և մենք Նրա սրբությամբ մաքրագործվեցինք»:
Պարզապես սքանչելի է` հստակ, անմիջական մտքով, նաև` մաքուր ու ազնվական:
Եթե ուշադիր լինենք` ամեն ազնվական ծնունդ է Տիրամորով սկսվում, և մենք մկրտվելով` Տիրամորն ենք որդեգրվում, որ ինչպես գրկանոց մանուկ Հիսուսին, սկսում է հոգևորապես սնել ու մեծացնել մեզ ևս: Այդ մասին իսկ Տիրամայրն ինքն է իր երևումներից մեկի ժամանակ ասել: Մեջբերենք.
«Կանչում եմ երեխաներին, նրանց, ովքեր իրապես հավատարիմ են ինձ, ովքեր իրենք իրենց հանձնել են ինձ, որպեսզի իրենց առաջնորդեմ դեպի իմ աստվածային Որդին, նրա՛նց, որոնք իմ գրկում, իմ ձեռքերում են մեծանում և իմ հոգովս են ապրել»։ Այս երևման կոչը վերջին ժամանակներում հոգով եռալու և Նեռին ընդդեմ ելնելու մասին է, այսինքն` մեր ժամանակների մասին, քանի որ 666 նշանակիր գազանն արդեն պատմականորեն է գտնվում աշխարհում:
Մեր կարճ խոսքն ավարտենք Հովհաննես Մկրտչի մոր երանելի օրհնությամբ. «Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով և բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, և օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը»։ (Ավետարան ըստ Ղուկասի)։
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5387

Մեկնաբանություններ